ԵՊՀ   ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ 
ՖԱԿՈՒԼՏԵՏ

Հրատարակություն
Կրթություն
Դիմորդ
Կառուցվածք
ԵՊՀ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ
ՖԱԿՈՒԼՏԵՏ

Լավագույն լրագրողները մեր շրջանավարտներն են...

ԵՊՀ ժուռնալիստիկայի բաժինը հիմնադրվել է 1949 թվականին, բանասիրական ֆակուլտետի կազմում, իսկ 1999 թվականի հոկտեմբերի 1-ին ստեղծվել է ժուռնալիստիկայի ֆակուլտետը:
 
Լինելով երիտասարդներից մեկը համալսարանում` կրթական գործընթացի կազմակերպման ոլորտում դրսևորած ճկուն քաղաքականության շնորհիվ ֆակուլտետը հենց սկզբից ձեռք է բերել մի շարք առավելություններ, որոնք հիմք են տալիս ասելու, որ ժուռնալիստիկա մասնագիտության ուսուցումը իրականացնող բուհերի համանուն ֆակուլտետների շարքում այն եղել և մնում է առաջատարը:
 
Ֆակուլտետում գործում է ուսուցման եռաստիճան համակարգ: Առաջին աստիճանը բակալավրիատն է: Չորսամյա ուսուցման ընթացքում ուսանողները ստանում են բարձրագույն լրագրողական կրթություն, որը, ըստ էության, բավարար է լրագրողի մասնագիտությամբ զբաղվելու համար:
 
Ֆակուլտետում գործում է մագիստրոսական ծրագիր, որն առաջարկում է երկամյա կրթություն: Ժուռնալիստիկա անվամբ այդ ծրագիրը նախատեսում է խորացնել մասնագիտական գիտելիքները, մեծացնել ժուռնալիստիկայի և հաղորդակցության ոլորտում գիտական աշխատանքներ իրականացնելու հնարավորությունները:
 
Մագիստրատուրայի լավագույն շրջանավարտներն ուսումնառությունը շարունակում են ասպիրանտուրայում, համալրում պրոֆեսորադասախոսական անձնակազմի շարքերը:
 
Ժուռնալիստիկայի ֆակուլտետում գործում է 2 ամբիոն` մամուլի պատմության ու տեսության և ռադիոհեռուստատեսային ժուռնալիստիկայի, որոնց աշխատանքներում ներգրավված են փորձառու և բարձրակարգ մասնագետներ: Նրանց մի մասը ֆակուլտետի շրջանավարտ է: Իրենց փորձն ու հմտությունները ապագա լրագրողներին փոխանցում են նաև հանրապետության առաջատար լրատվամիջոցներից հրավիրված աշխատակիցներ, Հայաստանում գործող միջազգային կառույցների ներկայացուցիչներ:
 
Ֆակուլտետում ստեղծված են լավագույն պայմաններ` ուսանողներին տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ հաղորդելու, նրանց մասնագիտական որակավորումն ապահովելու համար: Այս առումով մեծ է Գ. Անանյանի անվան մուլտիմեդիա լաբորատորիայի դերը: Այստեղ գործում են տեսաձայնագրման և մոնտաժման ժամանակակից սարքավորումներով համալրված ռադիո և հեռուստաստուդիաներ, համակարգչային սրահ` ինտերնետ կապի առկայությամբ, հարուստ գրականություն ունեցող մասնագիտական գրադարան, ինչպես նաև «Ժուռնալիստ» ուսումնական թերթի խմբագրությունը:
 
Ֆակուլտետում գործում է նաև էթիկայի խորհուրդ, որը մշակել է ֆակուլտետի էթիկայի կանոնագիրը:
 
Ժուռնալիստիկայի ֆակուլտետում նոր տեխնոլոգիաների կիրառումը կարևոր տեղ է զբաղեցնում, քանի որ ուսումնական գործընթացի մի զգալի մասն էլ իրականացվում է վիրտուալ ասպարեզում` դասախոսների և ուսանողների էլեկտրոնային շփման միջոցով: journalist.am էլեկտրոնային ուսումնական պարբերականը, որի խմբագրությունը տեղակայված է մուլտիմեդիա լաբորատորիայի Նոր մեդիայի և հաղորդակցության հետազոտությունների լսարանում, Հայաստանում միակ վիրտուալ խմբագրությունն է, ուր լրագրողների դերում հանդես են գալիս ուսանողները, իսկ խմբագիրների` դասախոսները:
 
Սերտ է համագործակցությունը նաև Հայաստանում ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի, Հայաստանում Եվրոպայի խորհրդի տեղեկատվական գրասենյակի, Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության և ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնի հետ:
 
Տարեցտարի ընդլայնվում են կապերը արտերկրի առաջատար բուհերի հետ:Ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմը համալրում են 3 դոկտոր, պրոֆեսոր և 4 դոցենտ, բանասիրական գիտությունների 9 թեկնածու: Ֆակուլտետում սովորում է 363 ուսանող, որոնցից 226-ը` բակալավրիատում, 66-ը` մագիստրատուրայում, 71-ը` հեռակա բաժնում: Լավագույն շրջանավարտները ուսումնառությունը շարունակում են ասպիրանտուրայում:
 
2007 թվականից գործող հեռակա բաժինը առաջիկայում մեծապես կօգնի աշխատանքային փորձ ունեցող բազմաթիվ լրագրողների, ովքեր չունեն համապատասխան մասնագիտական կրթություն, լրացնելու իմացությունների պակասը և ստանալու համապատասխան որակավորում:
 
Ֆակուլտետում ընդունելությունը կատարվում է լրագրություն (ժուռնալիստիկա) մասնագիտությամբ: